18/08/2018 11:44
Ռոբերտ Քոչարյանն իր կամքով չէ վերադառնում քաղաքականություն. քաղաքագետ
ՀՀ երկրորդ նախագահը քաղաքականություն վերադարձավ, քանի որ Մարտի 1-ի գործով ներգրավվեց որպես մեղադրյալ, Aysor.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը.
«Ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը քաղաքականություն է մտնում ոչ թե իր կամքով, իր ցանկությունով, այլ սա ուղղակի իր համար պաշտպանվելու տարբերակ է: Քանի որ նա Մարտի 1-ի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ, պարզ է, որ պաշտպանվելու ամենալավ ձևն էր մտնել քաղաքական դաշտ ու հետո ասել` «ինձ հալածում են»: Կարծում եմ` իր պաշտպաններն իրեն հենց այդ ծրագիրն են հուշել», - ասաց քաղաքագետը:
Նա համոզմունք հայտնեց, որ «Ռոբերտ Քոչարյանը շատ լավ պատկերացնում է ու գիտի, թե իր նկատմամբ ինչ տրամադրություններ ունի հասարակությունը»:
«Ակնհայտ է, այո, նա ունի ռեսուրս, բայց ես չեմ տեսնում քաղաքականություն հաջող վերադարձի շանսերը, քանի որ վերադարձը քաղաքականություն իր մեջ պարունակում է շատ կարևոր բաղադրիչ` հանդիպել, շփվել, քաղաքացիների հետ: Այստեղ է, որ ես չեմ պատկերացնում` ո՞նց ինքը կկարողանա հանդիպել քաղաքացիների հետ, քանի որ տրամադրությունները շատ բացասական են իր նկատմամբ», - ամփոփեց Ստեփան Գրիգորյանը: