20/08/2018 13:26
Հովիկ Աբրահամյանի եղբոր հետ ձերբակալված Ամբիկ Գևորգյանին ևս մեղադրանք է առաջադրվել
Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարք կատարելու համար մեղադրանք է առաջադրվել Ամբիկ Գևորգյանին, վերջինս, հիշեցնենք, ձերբակալվել էր նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբոր հետ:
Տեղեկությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՔԾ լրատվական ծառայությունից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող, 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող, Ամբիկ Գևորգյանի անվամբ ձևակերպված` ՀՀ Արարատի մարզի Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանում ապօրինի պահվում է մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք:
Ստացված տվյալների հիման վրա 2018թ. օգոստոսի 6-ին և 7-ին ՀՀ ԱԱԾ աշխատակիցների և ՀՔԾ քննիչների կողմից նշված վայրում իրականացված խուզարկության արդյունքում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք և ռազմամթերք, այդ թվում` 3 հատ ձեռքի գնդացիր, 7 հատ «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգ, 2 հատ «ՍՎԴ» տեսակի դիպուկահար հրացան, 3 հատ տարբեր տեսակի հրացաններ, 2 հատ ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող տարբեր տրամաչափի մեծ քանակությամբ փամփուշտներ:
Ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու կասկածանքով ձերբակալվել էին Ամբիկ Գևորգյանն ու Հովիկ Աբրահամյանի եղբայրը` Հենրիկ Աբրահամյանը: Ավելի ուշ Հենրիկ Աբրահամյանը կալանավորվել է դատարանի որոշմամբ: