20/08/2018 11:53
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի շրջաբերականը սահմանափակում է տեղեկատվության տրամադրման ազատությունը. Աշոտյան
Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի ստորագրությամբ շրջաբերականը, որով վերջինը կառավարության անդամներին կարգադրում է սահմանափակել տեղեկատվության տրամադրումը լրատվամիջոցներին։
«Ծանոթացեք ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի այս շրջաբերականին, որը սահմանափակելու է տեղեկատվության տրամադրման ազատությունը, մամուլի օպերատիվությունը, խոսքի ազատությունը և աշխատակիցների ազատ արտահայտվելու իրավունքը։
Առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմելու եմ պաշտոնապես հետևյալ հարցադրումներով.
1. Ո՞րն է տվյալ շրջաբերականի իրավական հիմքը։
2. Ի՞նչ իրավական հիմքով է աշխատակազմի ղեկավարի շրջաբերականը կոչվում կարգ։
3. Ո՞ր իրավական հիմքով են պատժվելու այս «կարգը» խախտող աշխատակիցները։
Վարչապետի պատասխանը նույնպես կհրապարակեմ», - գրել է Արմեն Աշոտյանը։
Աղաջանյանի ստորագրած կարգում նշվում է, որ կառավարության անդամների հարցազրույցներում, հայտարարություններում արտահայտվող մտքերը, դիրքորոշումները պետք է համընկնեն կառավարութան քաղաքականության, ծրագրին, ռազմավարական ուղղություններին։