20/08/2018 15:32
Ներառական կրթության ապահովումը պետք է դիտարկել որպես գլոբալ նպատակ. Արա Բաբլոյան
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն օգոստոսի 20-ին ընդունել է ՀՀ-ում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Տանյա Ռադոչային, տեղեկացնում են ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից։
Ըստ աղբյուրի, խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ երեխաների իրավունքների պաշտպանության խնդիրները մշտապես գտնվում են իր ուշադրության կենտրոնում: Արա Բաբլոյանի խոսքով` այս առումով չափազանց կարևոր է ապահովել Հայաստանում իրականացվող ծրագրերի շարունակականությունը:
Երեխաների իրավունքների պաշտպանության համատեքստում խոսելով ներառական կրթության մասին` խորհրդարանի ղեկավարը շեշտել է, որ հատկապես զարգացման խնդիրներ ունեցող երեխաների դեպքում ներառական կրթության ապահովումը պետք է դիտարկել որպես գլոբալ նպատակ:
Ըստ Արա Բաբլոյանի` այս առումով պետության հոգածության ներքո պետք է լինեն այնպիսի հարցեր, ինչպիսին են, օրինակ, խնդիրների վաղ հայտնաբերումը, ապա անհրաժեշտ միջամտության ցուցաբերումն ու հասարակական կյանքին երեխաների լիարժեք ինտեգրումն ապահովելը:
Տանյա Ռադոչան կարևորել է Հայաստանում վերջին տարիներին իրականացվող բարեփոխումների գործընթացը: Նա գոհունակություն է հայտնել նախորդ տարի` Երեխաների համաշխարհային օրվա կապակցությամբ ՀՀ Ազգային ժողովի կողմից ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ խոսափողը գեթ մեկ օրով երեխաներին տրամադրելու համաշխարհային նախաձեռնությանը միանալու կապակցությամբ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ինչպես Երեխաների համաշխարհային օրվան, այնպես էլ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտին վերաբերող մի շարք խնդիրների լուծմանն ուղղված համատեղ նախաձեռնություններ ու միջոցառումներ իրականացնելու հնարավորությունները: