20/08/2018 13:31
«Ժառանգությունն» այսօր կորոշի՝ ով է գլխավորելու ավագանու ընտրություններում իրենց ցուցակը
«Ժառանգություն» կուսակցության վարչությունը այսօր կգումարի լիագումար նիստ, որի ժամանակ կորոշվի՝ ի՞նչ ցուցակով են մասնակցում սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը։
«Մենք անցյալ շաբաթ հայտարարեցինք, որ մասնակցելու ենք ընտրություններին։ Մինչև այսօր ժամանակ տվեցինք և հույս տածեցինք, որ միասնական ցուցակի մեր առաջարկը կընդունվի։ Բայց, ավաղ, բազմակուսակցական ցուցակների մրցակցություն է լինելու», - հայտարարեց Հովհաննիսյանը՝ նշելով, որ ակնկալում են ազատ ու արդար ընտրություններ։
Կուսակցության հիմնադրի կարծիքով՝ երևանյան այս ընտրությունները լինելու են օրինական, քանի որ բացառվելու են ընտրական «հոռի երևույթները, որոնք ուղեկցել են ընտրությունները վերջին 20 տարվա ընթացքում»։
Հովհաննիսյանը նաև տեղեկացրեց, որ «Ժառանգության» համամասնական ցուցակում կլինեն նաև քաղաքացիական հասարակության անդամներ: Նրա խոսքով՝ այս պահին ցուցակը գլխավորելու հետ կապված քննարկվում է 3 անուն՝ Արմեն Մարտիրոսյանի, իր՝ Րաֆիի Հովհաննիսյանի, իսկ երրորդը կարող է լինել վարչությունից դուրս մեկը։