20/08/2018 11:03
Կենաց ասելով միջազգային հարաբերություններ չեն կառուցում. Շարմազանովը` Փաշինյանին
Կենաց ասելով միջազգային հարաբերություններ չեն կառուցում, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն` անդրադատնալով օգոստոսի 17-ի հանրահավաքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին, մասնավորապես` արտաքին քաղաքականության վերաբերյալ դիտարկումներին.
«Փաշինյանը կարող է վկայակոչել ինչ ցանկանում է՝ հեռախոսազրույց, հանդիպումներ, համատեղ ճաշեր ու ֆուտբոլի առաջնությանը պատվավոր տեղում հայտնվելը և այլն։ Բայց իրականում դա չէ կարևորը. կարևորն արդյունքն է, իսկ արդյունքը Ռուսաստանի ԱԳՆ-ի ու Լավրովի կոշտ գնահատականն էր ՀՀ նոր իշխանությունների քաղաքականության վերաբերյալ և նույն Փաշինյանի ոչ ադեկվատ ու անհաջող պատասխանը»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
Նա ընդգծեց` ՀՀԿ-ն ոչ թե հուզվում է հայ-ռուսական հարաբերությունների ապագա ճակատագրով, ինչպես հայտարարվեց հանրահավաքին, այլ` մտահոգ է.
«Մենք ոչ թե հուզվում ենք, ինչպես ինքն է նշել հանրահավաքին, այլ մտահոգվում ենք, քանի որ կրկնում եմ` մտահոգվելու պատճառներ կան։ Կարծում եմ, որ ինքն ավելի շատ է հուզվում և սխալը սխալի հետևից է կրկնում։ Կենաց ասելով միջազգային հարաբերություններ չեն կառուցում և ինչպես ասում են` «В политике главное не болтовня,а эффективность..» »,- ամփոփեց ԱԺ փոխխոսնակը: