20/08/2018 14:08
Րաֆֆի Հովհաննիսյանը Ռոբերտ Քոչարյանի վերադարձից քաղաքական վտանգ չի սպասում
«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը կարծում է, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադարձից քաղաքական վտանգ չկա։
«Չեմ կարծում, թե քաղաքական վտանգ կա իր վերադարձից մեջ, թեև ոմանց տվել է որոշ հույս ռևանշի։ Անհարկի խուճապի կարիք չկա այս փուլում», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ Քոչարյանը իրավունք ունի վերադառնալ «ուր ուզում է և որտեղ արժանի է՝ լինի քաղաքականություն, թե բանտ»։
«Ես չէի ուզենա ֆետիշացնել երկրորդ նախագահի հանգամանքը՝ որպես նոր բևեռի ստեղծում։ Մտահոգության առիթ է, իհարկե, բայց առաջին հերթին, ես կարծում եմ, որ բոլոր իշխանավորները՝ նախկին, ներկա, պետք է պատասխան տան իրենց արած-չարածի, իրենց հանցագործությունների համար», - հայտարարեց Հովհաննիսյանը։