20/08/2018 13:06
Լրատվամիջոցների հետ շփման մասին շրջաբերականն ունի հատուկ հասցեատերեր. Պարզաբանում է վարչապետի խոսնակը
Կառավարության անդամներին, կառավարությանը ենթակա մարմինների ղեկավարներին և վարչապետին ենթակա մարմինների ղեկավարներին ուղղված լրատվամիջոցների հետ առնչվելու կարգի անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ կառավարությունը պետք է գործի սինխրոնիզացված, համակարգված, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը։
«Եթե կառավարությունում կան պաշտոնյաներ, որոնց թվում է, թե իրենք կարող են նախկին սովորությունների համաձայն կամ նախկին սովորությունների կարոտով շարունակել կոռուպցիայի քարոզ իրականացնել, ապա դա տեղի չի ունենալու։ Շրջաբերականը պայմանավորված մի քանի գործոնով՝ նախ կառավարությունը պետք է աշխատի համակարգված և բոլոր պաշտոնյաները, որոնք, այսպես թե այնպես, իրենց լիազորությունների շրջանականերում մասնակցում են որոշումների կայացմանը, որոշումը կայացվելուց հետո այդ որոշումները անշեղորեն իրականացվեն։ Եվ բացի այդ, որևէ մեկը չպետք է մտածի, որ ինքը կարող է իրեն թույլ տալ, զբաղեցնելով պետական պաշտոն, քարոզել կոռուպցիա՝ թաքնված կամ բացահայտ կերպով կամ անօրինականություն», -մեզ հետ զրույցում ասաց Արման Եղոյանը։
Մյուս գործոնը, որով պայմանավորված է նման շրջաբերական իջեցնելը, ըստ նրա, այն է, որ «աջ ձեռքը պետք է իմանա, թե ինչ է անում ձախ ձեռքը»։
Փորձեցինք հստակեցնել, թե եղե՞լ է դեպք, երբ նման քարոզ է արվել և արդյունքում նման շրջաբերակա՞ն է իջեցվել, վարչապետի խոսնակը արձագանքեց. «Ես ասեցի այն, ինչ ասացի, թող ընթերցողը եզրակացություն անի»։
Դիտարկմանը, թե որոշ շրջանակներում այդ փաստաթուղթը դիտվում է կառավարության աշխատակիցների արտահայտվելու իրավունքի սահմանափակում, Արման Եղոյանը պատասխանեց.
«Խոսքը չի վերաբերում կառավարության աշխատակազմի բոլոր-բոլոր աշխատողներին, այլ՝ այն պաշտոնյաներին, որոնք կրում են քաղաքական պատասխանատվություն և ում հայտարարությունները կարող են ունենալ քաղաքական հետևանքներ։ Կառավարության աշխատակազմը մեծ է, բայց այս պարագայում խոսքը վերաբերում է քաղաքական պատասխանատվություն կրող և քաղաքական հայտարարությունենրով հանդես եկող պաշտոնյաներին, որոնք, այո, իրենց խոսքը պետք է համաձայնեցնեն իրենց վերադասի հետ։ Խոսքը կոնկրետ քաղաքական որոշումների իրականացման, դրանց կայացման վերաբերյալ հայտարարությունների մասին է։ Անկախ նրանից՝ մարդն ինչ կարծիք ունի, եթե զբաղեցնում է պետական պաշտոն և կա կայացված որոշում, ուրեմն ինքը պետք է հետևի դրան ու իրավունք չունի խոչընդոտել այդ որոշման կայացմանը։ Ուրիշ կերպ չեմ պատկերացնում, որ կարող է լինել»։
Հարցին, թե ովքե՞ր են պատճառ եղել, որ նման շրջաբերական է իջեցվել, ո՞ր պաշտոնյաներն են շեղվել, Եղոյանը պատասխանեց, որ ընթերցողը և առավել ևս հասցեատերերը շատ լավ գիտեն՝ ում մասին է խոսքը։ «Անուններ հրապարակելը թողնենք նպատակահարմարությանը։ Բայց ասեմ, որ այդ պաշտոնյաները շատ լավ գիտեն՝ ում մասին է խոսքը, հասկանում են՝ ինչի մասին է խոսքը», - ասաց Արման Եղոյանը։
Հիշեցնենք՝ սոցցանցերում տարածվել էր ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի ստորագրությամբ շրջաբերական, որով վերջինը կառավարության անդամներին կարգադրում է սահմանափակել տեղեկատվության տրամադրումը լրատվամիջոցներին։ Աղաջանյանի ստորագրած կարգում նշվում է, որ կառավարության անդամների հարցազրույցներում, հայտարարություններում արտահայտվող մտքերը, դիրքորոշումները պետք է համընկնեն կառավարութան քաղաքականության, ծրագրին, ռազմավարական ուղղություններին։