24/08/2018 18:50
Կանցլեր Անգելա Մերկելի այցը Հայաստան պատմական է. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատմական է որակում Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի այցը Հայաստան։
«Այցը կարելի է պատմական որակել, այս հանգամանքը առավել ընդգծվում է այն ժողովրդավարական փոփոխությունների համատեքստում, որոնք տեղի են ունենում Հայաստանում», - այսօր բանակցություններից հետո համատեղ ասուլիսում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նա տեղեկացրեց, որ Անգելա Մերկելի հետ բովանդակալից բանակցություններ են ունեցել, որոնք վերաբերել են Հայաստան-Գերմանիա, Հայաստան-ԵՄ հարաբերությունների հարցերին, միջազգային ու տարածաշրջանային օրակարգին։
«Այդ օրակարգի բազմաթիվ հարցերի վերաբերյալ մեր տեսակետները համընկնում են, ինչը ցույց է տալիս, որ մեր երկրների հարաբերությունները հսկայական պոտենցիալ ունեն», - հայտարարեց Փաշինյանը։
Փաշինյանն ասաց, որ Գերմանիան Հայաստանի հետ առևտրաշրջանառության ծավալով երրորդ գործընկերն է աշխարհում և առաջինը՝ Եվրոպայում: Նա հույս հայտնեց, որ այդ ծավալները ոչ միայն քանակական, այլև որակական առումով փոփոխություններ կկրեն։