30/08/2018 14:19
Որևէ մեկը չի կարող ասել, որ ես որևէ մեկին կարող եմ նվաստացնել. ԿԳ նախարարը՝ դպրոցի տնօրենի հետ ունեցած երկխոսության մասին (Տեսանյութ)
ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը կոչ է անում տնօրենների հանդեպ իր ունեցած վերաբերմունքի մասին չդատել մի քանի րոպեանոց տեսանյութով:
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով երեկ տնօրենի հարցին ի պատասխան իր արձագանքին՝ ԿԳ նախարարը կոչ արեց առանձին տեսանյութով չդատել իր ու տնօրենի երկխոսության մասին, որովհետև ամբողջ տեսանյութը նայելու դեպքում պարզ կդառնա, որ դա եղել է անկաշկանդ գործընկերային զրույց:
Հիշեցնենք, որ երեկ տնօրեններից մեկը բարձրաձայնել էր օտար լեզվի ուսուցման խնդիրը, իսկ նախարարը արձագանքել էր, որ թեև տնօրենն ինքը ավարտել է անգլերենի խորացված ուսուցմամբ դպրոց, բայց այդտեղից իր ստացած գիտելիքներով չի կարող ձևակերպել իրեն հնչեցրած հարցը: Տնօրենը հակադարձել էր՝ պնդելով, որ կարող է ու իր միտքը ձևակերպել էր անգլերեն: Լրատվամիջոցներում նախարարի արարքը գնահատվել էր որպես տնօրենի անգլերենի իմացության մակարդակը ստուգելու փորձ.
«Ձեր այս եզրակացությունը նրա պատճառով է, որ սովոր եք՝ նախարարը տնօրեններին վերևից է նայել ու շեֆություն է արել: Դա եղել է շատ ուղիղ երկխոսություն տնօրենների հետ, այս նույն տրամաբանությամբ, եթե ինչ-որ մեկը հարց տար ու ես ասեի՝ այս ինչ բանաձևը հիշում եք, նույնն էր լինելու, այստեղ որևէ նվաստացման երևույթ չկա: Ինձ ճանաչող որևէ մեկը չի կարող որևէ օրինակ բերել ու ասել, որ ես որևէ մեկին կարող եմ նվաստացնել», - ասաց նախարարը:
Վերջինս ընդգծեց, որ այս կառավարությունը շատ է տաբերվում նախորդից՝ նշելով. «Այստեղ գործընկերային, այլ ոչ թե շեֆական հարաբերություններ են»: