04/09/2018 17:58
Լեհական առևտրի կենտրոններից մեկում պայթուցիկ սարք է գործարկվել
Լեհաստանի Բելոստոկ քաղաքի առևտրի կենտրոններից մեկում պայթուցիկ սարք է գործարկվել, ոչ ոք չի տուժել, հայտնում է RMF FM ռադիոկայանը:
«Ամեն ինչ ավարտվեց պայթյունի բարձր ձայնով, սակայն կարող էր ողբերգության հանգեցնել։ Պայթուցիկ սարքը, հավանաբար, չի գործարկվել պատշաճ կերպով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ռադիոկայանի տվյալների համաձայն՝ դեպքի վայրում հայտնաբերվել են դյուրավառ հեղուկով տարաներ։
Ոստիկաններն այժմ պետք է պարզեն՝ ինչ տեսք է ունեցել պայթուցիկը մինչ պայթյունը, և արդյոք նպատակն էր հրդեհ առաջացնել հաստատությունում։
Առևտրի կենտրոնի ադմինիստրատորը հայտնել է, որ նախկինում երբեք սպառնալիքներ չեն ստացել և չգիտեն՝ ով է կանգնած կատարվածի ետևում։