06/09/2018 10:46
ՀՀ ԱԱԽ քարտուղարն ընդունում է, որ հայ-ռուսական հարաբերություններում անվստահություն կա
Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կարծում է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ փոփոխություններ չկան, սակայն հայ-ռուսական հարաբերություններում անվստահություն կա:
«Ոչ մի իրական փաստարկ չկա, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ տեղի է ունենում փոփոխություն: Արտաքին քաղաքականությունը չի փոփոխվել: Մենք լավ հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ: Անվստահության հարցը՝ ժամանակի հարց է: Մենք ակտիվորեն աշխատում ենք մեր ռուսաստանցի գործընկերների հետ, և առաջիկայում բոլոր հարցերը կլուծվեն», - ասել է Ա.Գրիգորյանը «Ноев ковчег» թերթին տված հարցազրույցում:
Պարբերականը հիշեցնում է, որ Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Արտաշես Գեղամյանն ավելի վաղ իր հոդվածներից մեկում պնդել է, որ Հայաստանի նոր կառավարության գրեթե ամբողջ կազմը հակառուսական տրամադրություններ ունեն, նրանք արևմտամետ են, Սորոսի կրթոաթոշակառուներ: Պատգամավորը նաև նշել է Ա. Գրիգորյանի անունը: Ա. Գեղամյանի խոսքով, դրա համար ներկայիս իշխանությունների հայտարարությունները, թե Հայաստանը չի փոխում Ռուսաստանի հետ հարաբերությունները, վստահություն չեն ներշնչում: Իրականում, սակայն, նրա խոսքով, Հայաստանը գնում է դեպի Արևմուտք:
«Այլ խնդիր է, որ մարդիկ հաճախ մտածում են կարծրատիպերով: Օրինակ, եթե մարդը սովորել է Արևմուտքում կամ աշխատել որևէ միջազգային կազմակերպությունում, ապա պետք է լինի հակառուսական տրամադրությամբ: Մենք կոտրել և կոտրում ենք այդ կարծրատիպերը: Ռուսաստանում կան շատ մարդիկ, որոնք կրթություն են ստացել արևմտյան երկրներում, և միևնույն ժամանակ, մնացել հայրենասեր: Մեր թիմում ևս կան Արևմուտքում կրթություն ստացած մարդիկ, սակայն նրանք՝ Հայաստանի հայրենասերներ են: Մենք հակառուսական կամ հակաեվրոպական մոտեցումներ չունենք, միայն հայամետ մոտեցումներ ունենք: Մենք պետական գործիչներ ենք և հոգ ենք տանում մեր երկրի և նրա շահերի մասին: Հայաստանի շահերը սերտորեն կապված են Ռուսաստանի հետ, և մենք դրանցից ենք ելնում: Հայաստանի անվտանգությունը, երկրի տնտեսությունը որոշ չափով կապված են Ռուսաստանի հետ», - ասել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը:
Նա նաև նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները կրում են ռազմավարական բնույթ: