06/09/2018 10:02
Դուբնովը վստահ է՝ Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ կքննարկվի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցը. «168 Ժամ»
«Շատերը նշում են, որ կա լարվածություն, ճգնաժամ հայ-ռուսական հարաբերություններում: Ես այդ կարծիքին չեմ, դրա համար պատճառներ չեմ տեսնում: Գտնում եմ, որ Մոսկվան պարոն Փաշինյանին թեթև թրոլինգի է ենթարկում, քանի որ այդ ժանրի մեջ է վերջերս աշխատում: Բայց սրանում չարժե «ընդհատակյա քարեր փնտրել»: Այդ շնորհավորանքը ևս այս կոնտեքստում եմ դիտարկում», - այս մասին «168 Ժամի» հետ զրույցում ասել է Պրահայի «Ազատություն» ռադիոկայանի «Էխո Կավկազա» ծառայության քաղաքական մեկնաբան Վադիմ Դուբնովը՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններում տեղ գտած վերջին զարգացումներին:
Ըստ նրա՝ թրոլինգի պատճառն այն է, որ Մոսկվային անհրաժեշտ է իր դեմքը պահել:
«Հայաստանում փոխվել են այն իշխանությունները, որոնց հետ տասնյակ տարիներ Մոսկվան աշխատել է: Նոր իշխանությունը նոր սկզբունքներ է փորձում ներդնել: Մոսկվան պետք է իր ավանդական ժանրի սահմաններում գործի, իր ոճին համապատասխան, այդ թվում՝ դեռ շարունակի աջակցությունն այն մարդկանց, ում հետ նախկինում աշխատել է:
Այսինքն` նախկին թիմի հետ համերաշխություն կա: Դրա պատճառներից մեկն էլ այն է, որ Մոսկվայում շատերի համար Փաշինյանն անընդունելի է: Ուստի պետք է այս թեման գոնե թրոլինգի ժանրում շրջանառել», - նշել է Դուբնովը:
Նա վստահ է, որ Փաշինյան-Պուտին առաջիկա հանդիպման ժամանակ քննարկվելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցը.
«Ինձ թվում է, որ կոնսուլտացիաներ Մոսկվայի հետ տեղի կունենան: Գուցե Մոսկվայի համար կան կարմիր գծեր Մարտի 1-ի բացահայտման հարցում, կան որոշ նուրբ հարցեր, որոնք պետք է շրջանցել: Ուստի, կարծում եմ, որ Մոսկվան միգուցե խնդրի հայկական կողմին որոշ դրվագներում ավելի զուսպ լինել»:
Զրույցի մանրամասները թերթի այսօրվա համարում