11/09/2018 20:16
Փաշինյանը պահանջում է ԱԱԾ-ից և ոստիկանությունից կարգուկանոն հաստատել, այլապես ինքը կհագնի կամուֆլաժն ու գործի կանցնի. Տեսանյութ
Սա դավադրություն է, հանցագործություն Հայաստանի պետականության նկատմամբ, «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսմանն ու հրապարակմանը:
«Ես հանձնարարել եմ ԱԱԾ-ին, ոստիկանությանը ամենակարճ ժամանակահատվածում հայտնաբերել դավադրություններ կազմակերպածներին և նրանց ենթարկել ամենախիստ պատասխանատվության», - նշեց նա:
Փաշինյանը հիշեցրեց, որ դեռևս «Հայկական ժամանակ» օրաթերթում խմբագիր եղած ժամանակ ինքը հայտարարել էր, որ օլիգարխների և պետական բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապ ունեցող մարդիկ ժողովրդից թալանված միջոցներով ձեռք են բերել գաղտնալսման սարքեր և, ըստ էության, պետության հատուկ ծառայություններին զուգահեռ ստեղծել են հատուկ ծառայություններ պետության մեջ:
Նա հայտարարեց, որ բոլոր չակերտավոր հատուկ ծառայությունները, ապօրինի զինված խմբավորումները անխտիր բացահայտվելու են:
«Ոստիկանությանն ու ԱԱԾ-ին հանձնարարում եմ այս պահից իրականացնել ռեյդեր օլիգարխների, բարձրաստիճան պաշտոնյաների, այսպես կոչված, թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին և զինաթափել բոլորին: Պարոնայք Արթուր Վանեցյան և Վալերիյ Օսիպյան, երկու ժամից ես լսեմ ձեր զեկույցը կատարված աշխատանքների և արձանագրված արդյունքների մասին: Ոչ մի մուկ և ոչ մի ձուկ չի պլստալու: Հայաստանում գողերի ժամանակն անցել է, ամերիկաներից լինի, ռուսաստաններից լինի, ավստրիաներից լինի, գտնելու ենք, բերելու ենք իրենց և իրենց գողացած ամեն լումա», - ասաց նա:
Դիմելով ՀՀ նախկին նախագահներին վարչապետը նշեց, որ իրենց նետված մարտահրավերները պատասխան կստանան.
«Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան, դուք որոշել եք Հայաստանի ժողովրդին մարտահրավեր նետել, դե մարտահրավերը տեսեք, դե հիմա սպասեք», - ասաց Փաշինյանը՝ հիշեցնելով ԱԱԾ-ին և ոստիկանությանը միջոցառումներ ձեռնարկել հանրապետությունում կարգուկանոն հաստատելու համար.
«Ունենք ԱԱԾ և ոստիկանություն, ես պահանջում եմ երկու ծառայություններից երկու ժամվա ընթացքում կարգ ու կանոն հաստատել ամբողջ հանրապետության տարածքում: Եթե տեսնենք, որ նրանք ի վիճակի չեն դա անել, մենք էլի ձևերը գիտենք, են կամուֆլյաժս կհագնեմ, և հատ հատ փողոց առ փողոց, տուն առ տուն կարգուկանոն կհաստատենք Հայաստանի Հանրապետությունում», - նշեց Փաշինյանը: