12/09/2018 18:10
Վախենում եմ՝ ճշմարտությունը լսելուց հետո հոգեբանի աջակցության կարիք ունենաք. Փաշինյանը՝ Աշոտյանին (Տեսանյութ)
Խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանը վարչապետ Փաշինյանից պահանջեց ներկայացնել ստույգ փաստաթղթեր ապացուցելու օգոստոսի 17-ին հանրավաքի ժամանակ իր այն հայտարարությունը, որ նախկին իշխանությունները միայն բանակցել են հողեր հանձնելու մասին, որի վերաբերյալ փաստթղթերին ինքը ծանոթացել է:
Փաշինյանը նշեց, որ այն պահից, երբ ինքը ստանձնել է վարչապետի պաշտոնը, ստացել է ժառանգություն բանակցային փաստաթղթի մի տարբերակ, որտեղ Արցախի կարգավիճակի մասին ընդհանրապես ոչ մի բան չկա.
«Կա միայն հետևյալը, որ պետք է Ադրբեջանին վերադարձվեն Ձեզ հայտնի տարածքները: Ես սա ասում եմ պաշտոնապես՝ դուք որպես ժառանգություն թողել եք մի տաբերակ, որտեղ Արցախի կարգավորման մասին որևէ բան չկա: Չեմ ասում, որ դուք ընդունել կամ ստորագրել եք այդ տարբերակը, ասում եմ, որ վերջին թուղթը, որ դրվել է բանակցային սեղանին, հենց այդպիսին է: Ես ասել եմ ու հիմա էլ ասում եմ, որ առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման՝ հարցի լուծում հնարավոր չէ», - նշեց Փաշինյանը:
Մինչդեռ Աշոտյանը չհամաձայնեց այս պնդման հետ՝ նշելով, որ իրենք թողել են մի տարբերակ, որում Արցախի կարգավիճակի հարցը ներառված է հիմնարար կարգավորումների սկզբունքների և էտապների մեջ. «Եթե Հայաստանը հանդես է եկել բանակցություններին, ապա ինչո՞ւ ադրբեջանական կողմը երբևէ չի համաձայնվել այդ բանակցային գործընթացում դրված փաստաթղթին»:
Փաշինյանը նշեց, որ ինքը կհրապարակի դրանք, բայց ժամկետները ինքն անձամբ կորոշի:
«Ես այդքան դաժան չեմ, որ միանգամից ամբողջ ճշմարտությունը պատմեմ, որովհետև վախենում եմ, որ ճշմարտությունը լսելուց հետո Դուք հոգեբանի աջակցության կարիք ունենաք», - նշեց Փաշինյանը: