14/09/2018 17:11
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը նոր տնօրեն ունի
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը: Մարությանն ազգագրագետ է, 1984-ից աշխատում է Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտում: Նա աշխատել է ինստիտուտում որպես արդիականության ազգաբանության բաժնի գլխավոր գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր:
Թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը ևս մասնակցել է մրցույթին, սակայն, ինչպես ինքն է իր ֆեյսբուքյան էջում գրել, իր օգտին քվեարկել է միայն երկու թեկնածու, իսկ Մարությանի օգտին՝ 11։
«Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կայացան նոր տնօրենի ընտրությունները: Մրցույթին մասնակցելու համար դիմում էի ներկայացրել նաև ես՝ տնօրենի պաշտոնում կարճաժամկետ վերականգնվելը դիտելով որպես միակ հնարավորություն, առանց դատական քաշքշուկների ու բախումների, օրինական կարգով աշխատանքից ազատվելու համար: Քվեարկության արդյունքում ստացա երկու ձայն, իսկ իմ նախկին դասախոս, պրոֆեսոր Հարություն Մարությանը՝ տասնմեկ:
Ու թեև նման պատկերը կրկին չօգնեց ինձ օրինական կարգով աշխատանքից ազատվելու համար, այդուհանդերձ իմ ավագ գործընկերոջը հաջողություն եմ մաղթում դժվարին ու պատասխանատու գործում և հայտնում եմ իմ պատրաստակամությունը նրան աջակցելու համար:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին և բազում փորձություններով անցած աշխատակազմին ցանկանում եմ բեղուն աշխատանք ու նորանոր հաջողություններ», - գրել է Դեմոյանը: