15/09/2018 13:05
Փաստաբանը հերքում է, որ Վաչիկ Ղազարյանի գումարները վերադարձվել են իրեն
ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետի տեղակալ Վաչագան Ղազարյանի փաստաբան Արմեն Հարությունյանը հերքում է այսօր մամուլում հրապարակված տեղեկությունները, թե նրա գումարները՝ և որպես գրավ փոխանցված, և կալանքի տակ ի պահ հանձնված, վերադարձվել են։
«Ես ծանոթ եմ այդ հրապարակումներին։ Դրանք սուտ տեղեկություններ են։ Ինձ համար անհասկանալի է՝ ինչու է նման լուր հրապարակվում։ Դա անհեթեթ սուտ է», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբան Հարությունյանը։
Նրա խոսքով, բոլոր գումարների վրա այժմ կալանք է դրված և դրանք չէին կարող վերադարձվել որևէ մեկին։
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ Վաչագան Ղազարյանին կալանքից ազատելու համար որպես խափանման միջոց դատարանի կողմից ընտրվել էր 1 մլրդ դրամ և այն մուծելուց հետո միայն Ղազարյանն ազատ էր աձակվել։
«Ինչ վերաբերում է գրավին, ապա վճարված գումարները այժմ գտնվում են դատարանի դեպոզիտային հաշվին։ Կարող են բոլորն էլ հարցում անել, ստանալ տեղեկություն», - ասաց փաստաբանը։
Նկատենք, որ մամուլը այսօր գրել էր, որ «տեղեկություն կա, որ օրերս վերադարձվել են Սերժի Վաչոյի գումարները, նրա զարմիկը՝ ռուսահայ գործարար, ներկայացել է իրավապահ մարմիններին ու ասել, որ այդ գումարն իրենն է՝ ի պահ էր տվել»։
Վաչագան Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել ապօրինի հարստացման համար, այսինքն՝ նա ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները: Մասնավորապես, ըստ ՀՔԾ-ի, քննությամբ հիմնավորվել է, որ Վաչագան Ղազարյանն իր՝ 2017թ.-ի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրում, ինչպես նաև պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա՝ 2018թ.-ի մայիսի 17-ի դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի՝ 460.000.000 ՀՀ դրամի, 615.268.944 ՀՀ դրամին համարժեք՝ 1.272.900 ԱՄՆ դոլարի և 124.371.180 ՀՀ դրամին համարժեք՝ 218.000 եվրոյի չհայտարարագրմանը:
Նշվում էր, որ հաշվետու ժամանակահատվածում նրա գույքի ավելացումն էականորեն գերազանցել է նրա օրինական եկամուտները և ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով, այսինքն` վերջինը ապօրինի հարստացել է:
Վաչագան Ղազարյանը կալանավորվել էր հունիսի 28-ին և մեկ ամիս չանցած դատարանի որոշմամբ ազատ արձակվել։