15/09/2018 09:43
«Ժամանակ». Հայաստանի հարյուրավոր բեռնատարներ արգելափակել են Բագրատաշեն-Սադախլո մաքսային անցակետը
«Ժամանակ» թերթը գրում է, որ իր տեղեկություններով՝ այսօր կեսգիշերից սկսած Հայաստանի հարյուրավոր բեռնատարներ արգելափակել են Բագրատաշեն-Սադախլո մաքսային անցակետը՝ դրանով իրենց բողոքը հայտնելով Վրաստանի կառավարության հայտնի որոշման դեմ:
Թերթը հիշեցնում է, որ սեպտեմբերի 15-ին ուժի մեջ է մտնում Վրաստանի տարածքում ավտոմոբիլային ճանապարհներով հացահատիկի տեղափոխման արգելքը: Հայ վարորդները արգելափակելու են վրացական բեռնատարների մուտքը Հայաստան: Հայտնի է, որ վրաց-ռուսական անցակետն էլ վրացական բեռնատարների համար կարգելափակեն օս վարորդները, ովքեր ևս տուժում են այս որոշումից: Թե ինչ հետևանքների կարող է հանգեցնել Հայաստանի այս շրջափակումը, դժվար է կանխատեսել:
Ինչպես գրում է թերթը, այլ աղբյուրներ տեղեկացնում են, որ Վրաստանի կառավարությունը 15 օրով հետաձգել է որոշման ուժի մեջ մտնելու ժամկետը՝ փորձելով ինչ-որ լուծումներ գտնել: