15/09/2018 09:56
«Ժողովուրդ». Դիզվառելիքի որակն ու ճանապարհների վիճակը փչացրել են «Սանիտեքի» մեքենաները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի աղբահանությամբ զբաղվող «Սանիտեք» ընկերությունը նախորդ ամիսներին իր վատ աշխատանքը մեկնաբանում էր, թե մեքենաները շարքից դուրս են եկել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` «Սանիտեք»-ի մեքենաները փչացել են անորակ դիզվառելիքի պատճառով: Այս ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Նիկոլաս Թավիլը թեև երեկ չհաստատեց մեր այս տեղեկությունները, բայց և չհերքեց: «Մեքենաները «Եվրո-5» ստանդարտ ծրագրով են: Հայաստանում կա եվրոդիզել, բայց ոչ այն ստանդարտներին համապատասխան, ինչը պետք է մեր մեքենաներին», - ասել է նա:
Հարցին` այսինքն դրա՞ հետևանքով են փչացել մեքենաները, թե՞ ոչ, Թավիլն ասել է. «Չեմ մեկնաբանում այս հարցը: Ուղղակի չեմ մեկնաբանում… ուղղակի, այո, կա եվրո դիզել, բայց ոչ այն ստանդարտներին համապատասխան, ինչը պետք է մեր մեքենաներին»:
Ի դեպ, երեկվա ասուլիսի ժամանակ նա նաև նշել է, թե մեքենաների փչանալու հիմնական պատճառներից էլ «Նուբարաշենի» աղբանոց տանող ճանապարհների վատ վիճակն է»: