17/09/2018 15:49
Մասիսի քաղաքապետը գրավով ազատ է արձակվել
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն այսօր դատարանի որոշմամբ գրավով ազատ է արձակվել: Այդ մասին տեղեկացրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
Հիշեցնենք՝ Մասիսի քաղաքապետին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով (զանգվածային անկարգություններ կազմակերպելը) և ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն):
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործով փաստական տվյալներ էին ձեռք բերվել՝ ապրիլի 22-ին՝ ժամը 16:00-17:00-ի սահմաններում, Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի բանուկ հատվածում տեղի ունեցած միջադեպին Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի մասնակցության վերաբերյալ:
Նախնական քննության տվյալներով՝ Արարատի մարզի մի շարք բնակիչներ ապրիլի 22-ին երթով շարժվել են դեպի Երևան՝ մասնակցելու ժամը 19-ին Հանրապետության հրապարակում նախատեսված հանրահավաքին։ Երթն արգելելու համար ժամը 16:00-17:00-ի սահմաններում մի խումբ անձինք՝ առանց հաշվառման համարանիշերի ավտոմեքենաներով, Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում փակել են դեպի Երևան տանող ճանապարհը, բռնություն գործադրել երթի մասնակիցների նկատմամբ, կիրառել հրազեն։ 4 անձ ճանաչվել է տուժող։