18/09/2018 15:02
Լոնդոնում չեն պատրաստվում նոր հանրաքվե կազմակերպել Brexit-ի շուրջ
Միացյալ Թագավորության կառավարությունը չի պատրաստվում նոր հանրաքվե կազմակերպել Եվրամիության կազմից երկրի դուրս գալու շուրջ: Այդ մասին Brexit-ի հարցերով բրիտանացի նախարար Դոմինիկ Ռաաբը հայտարարել է մի շարք հրատարակությունների, այդ թվում՝ El País թերթին տված հարցազրույցում:
Պատասխանելով ևս մեկ հանրահարցում կազմակերպելու հնարավորության վերաբերյալ հարցին՝ քաղաքական գործիչն ընդգծել է. «Նախևառաջ՝ կառավարությունը բոլոր դեպքերում նոր հանրաքվե չի նախաձեռնի»: Նրա խոսքով՝ «նույնիսկ, եթե դա լիներ այն, ինչ մարդիկ ցանկանում էին, հնարավոր չէ դա անել հարկավոր ժամանակ»:
Ինչպես կարծում է Ռաաբը, Եվրամիության կազմից առանց համաձայնագրի Մեծ Բրիտանիայի դուրս գալը «վատ (ելք) կլիներ երկու կողմերի համար»: Նախարարը նշել է, որ «այժմ գնդակը գտնվում է ԵՄ-ի կողմում»: