18/09/2018 10:55
Սեպտեմբերի 21-ի միջոցառումների բյուջեն չի գերազանցել 100 մլն դրամի շեմը, կլինի նաև «սելֆիի ժամ»
Սեպտեմբերի 21-ի միջոցառումների ցանկում այս տարի ընդգրկված կլինի «Սելֆիի ժամ» խորագիրը կրող միջոցառումը, որի շրջանակում ժամը 14:00-ից մեկ ժամվա ընթացքում Հանրապետության հրապարակում հանրությունը կկարողանա շփվել և լուսանկարվել հայտնի գործիչների հետ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:
Տոնական միջոցառումների շրջանակում Հանրապետության հրապարակին կից փողոցներում կտեղադրվի 10 բեմահարթակ, որտեղ կենդանի հնչողությամբ ելույթ կունենան մի շարք երաժշտական ժանրեր ներկայացնող խմբեր:
Հանրապետության հրապարակում միջոցառումները կմեկնարկեն ժամը 12:00-ին՝ կավճանկարչության միջոցառումներով, որին կմասնակցի 2000 աշակերտ։
Դրան կհաջորդի «Վերնիսաժ» խորագրով գեղանկարների ցուցահանդեսը։
Ժամը 13:00-ին Ազատության հարապարակից կմեկնարկի փողային նվագախմբերի երթը։ Բացի մայրաքաղաքի կենտրոնից, տոնական միջոցառումներ կանցկացվեն նաև վարչական շրջաններում։
Քաղաքում միջոցառումները կամփոփվեն ժամը 23:00-ին տոնական հրավառությամբ:
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի խոսքով՝ միջոցառումների ֆինանսական մասը չի գերազանցել 100 մլն դրամի շեմը:
Աղաջանյանը նաև նկատեց, որ միջոցառումները չեն ստվերի Երևանի ավագանու քարոզարշավի վերջին օրը` ընդգծելով, որ իրենք պատրաստվում են հրավեր ուղարկել քաղաքապետի 12 թեկնածուներին՝ մասնակցելու «Սելֆիի ժամ» խորագրի ներքո անցկացվելիք միջոցառմանը։