18/09/2018 20:40
Անհատ տաքսիների վարորդները կազատվեն բոլոր տեսակի հարկերից. վարչապետ
Այսօր Արցախից Երևան վերադարձին ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանը լավ լուր է հայտնել Երևանում անհատ տաքսիների վարորդներին:
«Մենք քննարկում ենք և շատ մոտ ենք այդ որոշմանը, որ Հայաստանի տարածքում գործունեություն իրականացնող անհատ տաքսիների վարորդներն ազատվեն բոլոր տեսակի հարկերից: Այսինքն՝ նրանք հարկ չեն վճարի և կգործեն ազատ», - տեղեկացրել է վարչապետը:
Փաշինյանի խոսքով՝ այս որոշումը սոցիալական նշանակություն ունի, քանի որ շատ են տարբեր պետական հիմնարկների աշխատողներ, ովքեր աշխատանքից հետո մի քանի ժամ տաքսի են վարում և որոշման ընդունման արդյունքում նրանք կազատվեն տարբեր տեսակի հարկերից:
Բացի մարդկանց սոցիալական վիճակը թեթևացնելուց, ըստ Փաշինյանի, որոշման արդյունքում անհատ տաքսիստները կարող են նվազեցնել ուղեվարձը, իսկ քաղաքային տարնսպորտը կբեռնաթափվի, և քաղաքացիներն ստիպված չեն լինի «կռացած երթևեկել»:
«Հարկային օրենսգրքի փոփոխությունները շատ ծավալուն են և առաջիկայում դրանց մասին լսելու առիթ կունենաք: Այդ փոփոխություններով մենք նպատակ ունենք զարկ տալ տնտեսության զարգացմանը», - հավելել է վարչապետը: