19/09/2018 15:15
Թատերական ինստիտուտի պրոռեկտորը հրաժարականի դիմում է ներկայացրել. Ռեկտորը նման մտադրություն դեռ չունի
Այսօր առավոտից Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները դասադուլ են անում՝ պահանջելով ինստիտուտի ղեկավարության հրաժարականը: Aysor.am-ի հետ զրույցում ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանը նշեց՝ եթե այս ամենի հիմնական պատճառը ոստիկանության հրապարակած տեղեկությունն է, իսկ ըստ էության՝ հիմնական դրդապատճառը հենց դա է, ապա բոլոր տեսակի եզրակացությունների համար պետք է սպասել քննության ավարտին:
«Միայն դրանից հետո ինքներս կարող ենք տալ տարբեր եզրակացություններ և կատարել գործողություններ: Հասկանում եմ ուսանողներին, երիտասարդները միշտ էլ անհամբեր են լինում, տաքացել, վրդովել, անհանգստացել են: Ես ընդամենը հորդորում եմ սպասել քննության ավարտին», - նկատեց նա:
Ռեկտորն ընդգծեց՝ տպավորություն չունի, թե հաստատության ամբողջ ուսանողությունն ու պրոֆեսորադասախոսական կազմն է իր դեմ ոտքի ելել: Ինքն իր աշխատասենյակում երեկ է հանդիպել 40-50 ուսանողի հետ՝ փորձելով հասկանալ նրանց մտահոգություններն ու պահանջները: Պահանջն իր հրաժարականն էր:
«Երիտասարդներ են, նաև, այսպես ասած, բուհ-ի պատրիոտներ, երևի, սրտներին դիպել է իրենց ուսումնական հաստատության վերաբերյալ այսպիսի տեղեկատվությունը, ինչի համար անհանգիստ են: Ես էլ եմ անհանգիստ, բնականաբար, ո՞վ անհանգիստ չի լինի, եթե բուհ-ի հետ կապված այսպիսի թեմաներ կան: Այլ բան է՝ նրանք բավարարվա՞ծ են իմ բացատրություններից, թե՞ ոչ: Բուհ-ի վիճակով բոլորս էլ մտահոգ ենք, բոլորս էլ շահագրգիռ ենք, որպեսզի իրավապահ մարմինները մեզ օգնեն՝ հասկանալու մեր աշխատանքի թերություններն ու բացթողումները, եթե դրանք կան: Ավելին, ամեն կերպ աջակցում ենք նրանց, որպեսզի այդ գործն իր տրամաբանական ավարտին հասնի», - ասաց նա:
Հարցին՝ կներկայացնի՞ հրաժարական, թե՞ ոչ, Դավիթ Մուրադյանը պատասխանեց.
«Այնպես չի, որ այս աշխատանքը ցմահ իմն է, սակայն ամեն ինչ ունի իր տրամաբանական ժամանակը: Եթե այդպիսի պահանջ լինի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի գերակշիռ մասից, ես կարող եմ նաև հրաժարականի մասին մտածել: Ի վերջո, ես կառչած չեմ այս աշխատանքին՝ անկախ նրանից, թե քննություն ինչ ավարտ կունենա: Շահագրգռված եմ, որ բոլորն իմանան իսկությունը»:
ԵԹԿՊԻ-ում տեղ գտած ապօրինությունների մասին Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ մեղադրվում էին բուհ-ի պրոռեկտորները: Դավիթ Մուրադյանն Aysor.am-ին տեղեկացրեց՝ պրոռեկտորներից մեկը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Նկատառմանն՝ արդյոք դա նշանակում է, որ նա ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը, պատասխանեց.
«Գուցե ինչ-որ խախտումներ հաշվի առնելով, նաև՝ բարոյական դրդապատճառներից ելնելով է այդ դիմումը ներկայացրել: Ես ստորագրել եմ: Անուն չեմ նշի, քանի որ ոստիկանության հաղորդագրության մեջ էլ անունները բացակայում են: Նաև ասեմ, որ մենք այդ բոլոր թեմաների վերաբերյալ տրամադրել ենք համապատասխան փաստաթղթեր, բոլոր պրոռեկտորներն էլ համապատասխան բացատրություններ են տվել: Այս պահին էլ քննություն է ընթանում»:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ Ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, որում, մասնավորապես, նշվում էր, որ վերջին մի քանի տարիների ընթացքում Թատերական ինստիտուտի մի քանի պրոռեկտոր, օգտագործելով պաշտոնեական դիրքը, շահադիտական դրդումներով պաշտոնական փաստաթղթեր են կեղծել և վատնել առանձնապես խոշոր չափերի գումար: