19/09/2018 12:42
Վստահության չկա «Սանիթեք» ընկերության հանդեպ. Սուրեն Պապիկյան
Մենք մտահոգ ենք Երևանում առկա սանիտարահիգենիկ խնդիրներով, լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելով պաշտոնավարման 100 օրը՝ հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։
«Այս ընթացքում «Սանիթեք» ընկերությունը երկու անգամ տուգանվել է, որովհետև պայմանագրով ստանձնած պարտավորությունների թերացումներ են նկատվել նրանց գործունեության հետ կապված։ Իհարկե, կան խնդիրներ նաև բնակիչների աղբարկղերի այրման հետ կապված։ Բայց, անկախ նրանից, թե որքանով են օբյեկտիվ կամ սուբյեկտիվ առաջացած խնդիրները, մեր անմիջական պահանջով «Սանիթեք» ընկերությունը քայլեր է ձեռնարկել նոր աղբահան մեքենաներ ներկրելու համար», - հայտարարեց Սուրեն Պապիկյանը։
Նա նշեց, որ խոստացված աղբահան մեքենաները Հայաստանում կլինեն ուրբաթ օրը։
Նախարարն ասաց, որ այդուամենայնիվ, վստահության չկա «Սանիթեք» ընկերության հանդեպ։
«Խոստումները, որ բազմիցս տրվել են նախարարությանը և Երևանի քաղաքապետարանին, խախտվել են, և որպեսզի առաջիկայում ֆրանկոֆոնիայի շրջանակներում և Երևանի տոնին մենք խնդիրներ չունենանք, հանձնարարական եմ տվել համապատասխան գերատեսչություններին և Կամո Արեյանի հետ քննարկել ենք այլ համայնքներից անհրաժեշտության դեպքում տեխնիկա ներգրավվելու հարցը», - ասաց նախարար Պապիկյանը։