20/09/2018 17:00
Ճանապարհաատրանսպորտային պատահարները Հայաստանում աճել են. ՃՈ-ն՝ վարորդների կողմից մեքենան անկանոն վարելու մասին
Ճանապարհային ոստիկանության համակարգում իրականացվող հնարավոր փոփոխությունների, անելիքների ու մի քանի մտահոգությունների մասին Aysor.am-ը դեռևս օգոստոսի 16-ին հարցում էր ուղարկել։ Հարցմանը պատասխան ստացել ենք այսօր, որը ներկայացնում ենք հարցուպատասխանի ձևով։
- Կա՞ մտադրություն վերանայել տեսանկարահանող սարքերի տուգանքների չափը՝ հաշվի առնելով այն, որ վարչապետ Ն. Փաշինյանը հայտարարում էր որ տուգանքները շատ բարձր են, թալանում են ժողովրդին։ Արդյոք հնարավոր է վերանայվել է տուգանքներիի չափը:
- Ճանապարհային ոստիկանությունում ներկայումս շարժական տեսանկարահանող սարքերի վերաբերյալ որևէ դիրքորոշում չի փոփոխվել:
- Խնդրում եմ ներկայացնել վիճակագրություն՝ արդյոք տուգանքների համաներումից հետո վթարների կամ արագության գերազանցման դեպքերը նվազել են թե՞ ավելացել:
- Համաներման մասին ակտն ուժի մեջ է մտել 2018թ. հուլիսի 26-ին, հետևաբար, եթե համեմատենք օգոստոս ամիսներ վիճակագրությունները, ապա ունենք հետևյալ պատկերը՝ 2018 թվականի օգոստոսի 1-ից մինչև օգոստոսի 30 ընկած ժամանակահատվածում Ճանապարհային ոստիկանության կողմից կայացվել է արագության գերազանցման փաստով 95529 որոշում, 2017 թվականի նույն ժամանակահատվածում՝ 96157 որոշում:
- Մարդկանց շրջանում կա մտահոգություն, որ համաներման ակտից հետո վարորդները սկսել են շատ անկարգ վարել և չեն հետևում ՃԵ կանոններին։
- 2018 թվականի օգոստոս ամսին Ճանապարհային ոստիկանությունում գրանցվել է զոհերով և վիրավորներով 304 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 21 մարդ, վիրավորվել ՝446-ը, իսկ 2017 թվականի նույն ժամանակահատվածում՝ 284 ՃՏՊ՝ 28 զոհ, 435 վիրավոր:
- Խնդրում եմ ներկայացնել նոր ներդրովող բալային համակարգի մասին մանրամասն. Ինչո՞ւ որոշվեց նման համակարգ ներդնել։
- Ոստիկանության կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար սահմանված տուգանքների չափերի փոփոխման վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների փաթեթ է ներկայացվել, համաձայն որի, էականորեն կնվազեցվեն մի շարք տուգանքների չափերը, միաժամանակ կկիրառվի բալային համակարգը, ինչն իրենից ենթադրում է, որ մի շարք իրավախախտումների համար տուգանքից բացի, նախատեսված կլինեն միավորներ և օրենքով սահմանված միավորների քանակը սպառելվուց հետո տրասպորտային միջոցների վարելու իրավունքը կկասեցվի վեց ամիս ժամանակով: Օրենսդրական նման կարգավորումը հնարավորություն կտա տուգանքների չափերի նվազեցման հետ մեկտեղ արդյունավետ կանխարգելել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները: