20/09/2018 14:41
ԵՄ ղեկավարները պաշտպանել են Brexit-ի շուրջ Տուսկի առաջարկը
Եվրամիության պետությունների ու կառավարությունների ղեկավարները պաշտպանել են ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ արտահերթ գագաթնաժողովը նոյեմբերին անցկացնելու Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի առաջարկը: Այս մասին Զալցբուրգում ԵՄ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովում հայտնել է Ավստրիայի կանցլեր Սեբաստյան Կուրցը:
Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիան և ԵՄ-ն դեռևս տարբեր մոտեցումներ ունեն Brexit-ի նկատմամբ: «Ինչպես գիտեք, մեր մոտեցումները տարբերվում են իրարից»,- ասել է Կուրցը՝ նշելով, որ պետությունների ու կառավարությունների ղեկավարները պաշտպանեցին Brexit-ի շուրջ գագաթնաժողովը նոյեմբերին անցկացնելու առաջարկը:
Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը չորեքշաբթի հայտարարել էր, որ մտադիր է նոյեմբերի կեսերին հրավիրել հանրակցության անդամ 27 երկրների արտահերթ գագաթնաժողով՝ նվիրված ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ բանակցություններին:
«Ես կցանկանայի բանակցություններն ավարտել այս աշնանը, ուստի կառաջարկեմ ղեկավարներին գագաթնաժողովը գումարել մոտավորապես նոյեմբերի կեսերին»,- ասել էր նա Զալցբուրգում կայացած մամուլի ասուլիսում: ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ Լոնդոնի և Բրյուսելի միջև բանակցությունները Բելգիայի մայրաքաղաքում սկսվել են հունիսի 19-ին, այն բանից գրեթե մեկ տարի անց, երբ Միացյալ Թագավորությունում այս հարցի շուրջ անցկացված հանրաքվեում 51,9 տոկոս արդյունքով հաղթանակ տարան եվրաինտեգրացման հակառակորդները:
Երկխոսությունը պետք է շարունակվի մինչև 2018 թվականի նոյեմբեր, ինչից հետո կողմերը կես տարի կունենան ձեռք բերված պայմանավորվածություններն ազգային խորհրդարաններում վավերացնելու համար: Բուն Brexit-ը պետք է իրագործվի 2019 թվականի մարտի 29-ին, ինչից հետո կսկսվի անցումային շրջանը, որը կետևի մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը։