20/09/2018 14:29
Թրամփը նշել է Ջորջ Բուշ Կրտսերի գլխավոր սխալը նախագահի պաշտոնում
Դոնալդ Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ի 43-րդ նախագահ Ջորջ Բուշ Կրտսերն ամենամեծ սխալն է գործել երկրի պատմության մեջ՝ զորքեր մտցնելով Մերձավոր Արևելք: Այս կարծիքը ԱՄՆ-ի ղեկավարը հայտնել է Hill TV հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Մեր երկրի պատմության մեջ կատարված ամենամեծ սխալը Մերձավոր Արևելք զորք մտցնելն էր նախագահ Բուշի կողմից», - ասել է Թրամփը: «Թեև Օբաման էլ սխալ գործեց (որոշում ընդունելով զորքերի դուրսբերման մասին), բայց դրանք այնտեղ մտցնելը, ըստ իս, ամենամեծ սխալն էր, որը կատարել են մեր երկրի պատմության մեջ», - ընդգծել է նա:
Թրամփն իր տեսակետը պարզաբանել է նրանով, որ Միացյալ Նահանգները, նրա խոսքով, «7 տրլն դոլար է ծախսել Մերձավոր Արևելքում»: «7 տրլն դոլար և միլիոնավոր կյանքեր, ես հաշվի եմ առնում երկուստեք կրած կորուստները: Միլիոնավոր կյանքեր»,-ասել է նա:
Թրամփի հայտարարությունների կապակցությամբ հեռուստաալիքը ներկայացրել է Պենտագոնի վիճակագրությունը, որի համաձայն, Իրաքում, Աֆղանստանում և Սիրիայում 2001-ից մինչև 2018 թվականը ռազմական գործողություններ վարելու վրա ԱՄՆ-ը ծախսել է 1,52 տրլն դոլար: