20/09/2018 12:53
Հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը ևս մեկ տարով կերկարաձգվի
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը ներկայացրեց «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մասին որոշումը:
Նա նշեց, որ «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» և «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքներով սահմանված է, որ հին նմուշի անձնագրերը ՀՀ քաղաքացիներին տրամադրվելու է մինչև 2019 թվականի հունվարի 1-ը, ինչը ենթադրում է, որ հունվարի 1-ից հետո ՀՀ քաղաքացիներին կարող են տրամադրվել բացառապես կենսաչափական անձնագրեր:
Վալերիյ Օսիպյանի խոսքով՝ առաջարկվում է ժամկետը սահմանել ոչ թե 2019 թվականի հունվարի մեկն, այլ՝ 2020 թվականը:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ սա շատ լուրջ ու խնդրահարույց հարց է, որ պետք է այսքան երկարաձգեն:
Վալերիյ Օսիպյանն էլ ասաց, որ չընդունելով այս նախագիծը՝ պետությունը ստիպված է լինելու ձեռք բերել տարեկան 300 հազար բիոմետրիկ անձնագրի բլանկ, իսկ մեկի արժեքը 10 եվրո է:
Նա ասաց, որ 2017թ-ի հունվարի 1-ին ավարտվել է Հայաստանի Հանրապետության կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգը սպասարկող և բլանկներ մատակարարող Լեհական PWPW ընկերության հետ կնքված պայմանագրի գործողության ժամկետը, ըստ այդմ, փոփոխությունը հնարավորություն կտա մինչև կենսաչափական անձնագրերի համակարգի նոր մատակարար ընկերության կողմից լիարժեք շահագործումը ապահովել քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման գործընթացը:
Կառավարությունը հաստատեց որոշումը և օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: