20/09/2018 11:53
Ճապոնիայի ԱԳՆ ղեկավարը մտադիր է Լավրովի հետ քննարկել հաշտության պայմանագիր կնքելու առաջարկը
Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տարո Կոնոն մտադիր է իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ քննարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ հաշտության պայմանագիր կնքելու առաջարկը: Այս պահին քննարկվում է հաջորդ շաբաթ հանդիպման կազմակերպման հարցը, փոխանցում է NHK հեռուստաալիքը:
ՌԴ նախագահն Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակում «Հեռավոր Արևելք. ընդլայնելով հնարավորությունների սահմանները» խորագրով նիստի ժամանակ առաջարկել է մինչև տարեվերջ առանց որևէ նախապայմանի հաշտության պայմանագիր կնքել Ռուսաստանի ու Ճապոնիայի միջև և փաստաթղթի տեքստում նշել Մոսկվայի ու Տոկիոյի ցանկությունները՝ տարածքային վեճերի հարթման վերաբերյալ:
Նշվում է, որ Կոնոն փորձելու է պարզել Ռուսաստանի մտադրությունները՝ կապված Պուտինի առաջարկի հետ, ինչպես նաև ևս մեկ անգամ Լավրովին է ներկայացնելու Ճապոնիայի դիրքորոշումը:
Հանդիպման ժամանակ, որը ամենայն հավանականությամբ տեղի կունենա Նյու Յորքում, Ճապոնիայի ԱԳ նախարարը մտադիր է Լավրովի հետ համաձայնեցնել Կուրիլյան կղզիներից չորսում համատեղ տնտեսական գործունեություն ծավալելու ծրագրի իրագործմանն ուղղված քայլերը, ինչպես նաև հարցերը՝ կապված Ռուսաստանի և Ճապոնիայի առաջնորդների առաջիկա հանդիպման հետ: