20/09/2018 13:15
Նաիրա Զոհրաբյանի ներկայացրած նախագիծը Փաշինյանը անհիմն համարեց ու մերժեց
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը կառավարության նիստին ներկայացրեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հեղինակած նախագիծը, որը վերաբերում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելուն:
Նախարարը նշեց, որ Նաիրա Զոհրաբյանը առաջարկել է տոների մասին օրենքում լրացնել Երևանի օրը որպես տոն ամրագրող դրույթ և նշել յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը:
«Սկզբունքորեն դեմ չլինելով նման կետի ավելացմանը, այնուամենայնիվ, մի շարք նկատառումներ և առաջարկներ կան», - ասաց նախարարը և նշեց, որ հոկտեմբերի երկորրդ շաբաթը Թարգմանչաց տոն է նշվում և համընկնում է, ուստի առաջարկում են շաբաթ օրը փոխարինել կիրակի օրով:
«Իրականության հետ կոնֆլիկտի մեջ չե՞նք մտնում, եթե օրենքով ֆիքսվի և ճկունություն չի լինի», - հարցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փոխարչապետ Տիգրան Ավինյանն էլ նշեց, որ հենց այս տարի ունեցել են նման խնդիր, և Երևանի օրը մոտավորապես մեկ ամիս հետաձգվել է:
Վարչապետը նկատեց, որ Ֆրանկոֆոնիայի միջոցառումների պատճառով տեղափոխել են տոնը հետ և հետո՝ արտահերթ ընտրությունների պատճառով առաջ են տեղափոխել:
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը կոչ արեց ավանդույթին վերադառնալ:
«Տոնը, ըստ էության, մենք կապում ենք Էրեբունի-Երևան տոնակատարության հետ և 1968 թվականից ենք սկսել նշել և սա Էրեբունի-Երևան տոնակատարությունն է, ոչ թե Երևանի, քանի որ Երևանում բնակավայրեր կան, որ 5500 տարվա պատմության ունեն», - ասաց նա և առաջարկեց ամրագրել Էրեբունի-Երևան տոն, ոչ թե՝ Երևանի:
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ասաց՝ հարցը հանգամանալիորեն քննարկվել է: Նա կոչ արեց շրջափուլի մեջ չհայտնվել, բոլոր դեմ և կողմ փաստարկները հնչել են և հանգել են եզրակացության:
«Պատգամավորի նախաձեռնությանը կարող ենք անել հետևյալ առաջարկությունը՝ ունենալ Երևան տոն այդ անունով, ոչ թե Էրեբունի-Երևան անունով, և առաջարկել շաբաթը փոխել կիրակի բառերով», - ասաց նա, իսկ Արծվիկ Մինասյանն ասաց, որ մասնագիտական, հանրային քննարկում է պետք:
Վարչապետը հարցրեց՝ ի՞նչ է տալիս այս օրենքը, քանի որ լավ չի հասկանում:
«Այնպիսի օր ընդունենք, որ մարդիկ սովոր են և ինչու ենք թեկուզ ոչ էական դիսկոմֆորտ առաջացնում մարդկանց մոտ: Կասկածում եմ, որ լավ միտք է սա օրենքով սահմանել: Սեպտեմբերի մեկը օրենքով լինի, թե չլինի, սեպտեմբերի մեկ է: Ես առաջարկում եմ ընդհանրապես ոչ մի առաջարկություն չանել: Ի՞նչ է տալու այս օրենքը, ոչ մի բան, ապա ինչո՞ւ ենք ընդունում», - ասաց նա և նշեց, որ գոնե շաբաթ օրը կիրակի օրվան փոխելու առաջարկը չանեն:
Այսպիսով երկար քննարկումից հետո վարչապետը արձանագրեց, որ տոնը ֆիքսելու անհրաժեշտություն չկա, և դրա հիմնավրումը չի տեսնում:
Կառավարության եզրակացությունն այն է, որ այս օրենքի անհրաժեշտությունը չկա: