20/09/2018 14:21
Սինձո Աբեն վերընտրվել է Ճապոնիայի կառավարող կուսակցության նախագահ
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն երրորդ ժամկետով ընտրվել է երկրում կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ, վկայում են կուսակցության կենտրոնակայանում կայացած ընտրությունների արդյունքները:
Քվեարկությանը, որը հեռարձակվում էր ուղիղ եթերում, մասնակցել են 405 խորհրդարանական և 405 տարածաշրջանային պատգամավոր: Աբեի թեկնածությունը պաշտպանել է 553 մարդ, նրա միակ մրցակցի՝ պաշտպանական գերատեսչության նախկին ղեկավար Սիգերա Իսիբայի օգտին քվեարկել է 254 պատգամավոր:
Այսպիսով, Աբեն հնարավորություն է ստանում երկրի կառավարությունը գլխավորել ընդհուպ 2021 թվականը, եթե կուսակցությունը շարունակի իշխանության գլուխ մնալ:
Ինչպես նշում են ճապոնական ԶԼՄ-ները, հոկտեմբերին Աբեն մտադիր է վերադասավորումներ կատարել կառավարությունում և Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարությունում: Ընտրություններից առաջ վարչապետը հայտարարել է, որ հաղթելու դեպքում պլանավորում է անմիջականորեն զբաղվել բարեփոխումներով, որպեսզի «կառուցեն նոր Ճապոնիա»: