20/09/2018 13:01
Օրենքը գործելու է ողջ ծավալով ու խստությամբ. Օսիպյանի ուղերձը (Տեսանյութ)
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը ուղերձ է հղել Երևանի ավագանու ընտրությունների առթիվ: Նա նշել է, որ ոստիկանությունը հաշվարկել է իր ուժերը, և արված են բոլոր նախապատրաստական աշխատանքները, ինչպես ընտրությունների ընթացքում օրենքով վերապահված գործառույթները ողջ ծավալով իրականացնելու, այնպես էլ ընտրացուցակների վերջնական ճշգրտման, հանրության շրջանում իրավական քարոզչության, ոստիկանության անձնակազմերի մասնագիտական վերապատրաստման և մի շարք այլ ուղղություններով:
«Հասարակական կազմակերպություններին ու քաղաքացիներին կոչ ենք անում հավատարիմ մնալ մեր իսկ հռչակած սիրո ու համերաշխության սկզբունքին՝ միևնույն ժամանակ անհանդուրժող լինել օրենքի ցանկացած խախտման, ցանկացած իրավազանցության հանդեպ: Նման դեպքերում անմիջապես դիմեք ոստիկանություն. մեր «Թեժ գիծը» գործում է, կարող եք ահազանգել ոստիկանության բաժիններ, իսկ ընտրությունների օրը՝ ընտրատարածքներում հերթապահող կամ շրջիկ խմբերին
Ինչպես նախընտրական փուլում, այնպես էլ ընտրությունների օրը արձանագրված բոլոր խախտումները կստանան իրավական գնահատական և իրավական հետևանք կունենան: Օրենքը գործելու է ողջ ծավալով ու խստությամբ», - նշել է Վ.Օսիպյանը: