20/09/2018 12:32
Մենք առաջարկում ենք ներդրումային փաթեթներ, որոնցից յուրաքանչյուրի տակ դրված են հսկայական դոլարներ. Նաիրա Զոհրաբյան
Երևանի ավագանու ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու Նաիրա Զոհրաբյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը եկել էր փաստաթղթերի կապոցով։ Նա հայտարարեց, որ իրենց ուժը միակն է, որն առաջարկում է կոնկրետ ներդրումային փաթեթներ։
«Ի տարբերություն մնացյալ բոլոր քաղաքական ուժերի, «Բարգավաճ Հայաստանը» միակ քաղաքական ուժն է, որ լուծումներին զուգահեռ առաջարկել է նաև կոնկրետ ներդրումային փաթեթներ, որոնցից յուրաքանչյուրի տակ դրված են 100 միլիոնավոր, հսկայական դոլարներ», - հայտարարեց Զոհրաբյանը։
Ներկայացնելով ներդրումային փաթեթը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ Երևանի ավագանու ընտրություններում ընտրական պայքարը պասիվ էր ծրագրային դրույթների ներկայացման առումով։
«Ներդրումներ ներգրավելու հիմնական գրավականը Գագիկ Ծառուկյանի անձնական վստահության բարձր, գերբարձր մակարդակն է, որ օտարերկրյա արտասահմանյան երկրներից կարող է ռեալ ներգրավել միջոցներ, ռեսուրսներ։ Դա, իհարկե, կլինի այն ժամանակ, եթե մենք մայրաքաղաքում ունենանք հստակ քաղաքային ռեալ իշխանություն։ Այդ ծրագրի իրականացմանը մասնակցելու են այն բոլոր քաղաքական ուժերը, որոնք կանցնեն քաղաքի ավագանի։ Սա կոլեկտիվ, քաղաքական կոնսենսուսի հիման վրա ռեալ սոցիալ-տնտեսական ծրագրեր իրականացնելու ծրագիր եմ համարում», - հայտարարեց Մելքումյանը։
Առաջին հերթին արագընթաց ներդրումներ, ըստ Մելքումյանի, իրենց թիմը պատրաստվում է կատարել աղբավերամշակման ոլորտում, իրականացնել աղբավերամշակման համալիր ծրագիրը։ Նրա խոսքով, արդեն կա ընկերություն, որը պատրաստ է շուրջ 90 մլն դոլար ներդրում կատարել աղբի վերամշակման ոլորտում։
«Ամսի 23-ից հետո մենք, որ տեսնելու ենք՝ այնտեղ բյուջե չկա, Գագիկ Ծառուկյանը հստակ ասել է, որ ժամանակավոր արագ ներգրավելու է ռեսուրսներ, որպեսզի կարողանանք փող չեղած ժամանակ այդ բացը լրացնենք», - նշեց Մելքումյանը։
Բացի աղբահանության ու աղբամշակման ոլորտից, ԲՀԿ-ն պատրաստ է ներդրումներ ներգրավել նաև տրանսպորտային համակարգում։ Այս առաջարկներից զատ, ԲՀԿ-ն պատրաստվում է վերականգնել «Երևանի պատմամշակութային ուրույն դեմքը»։