20/09/2018 12:27
Գազալցակայաններում ու ամենուր տեղադրած խաղային ապարատները պետք է դուրս բերվեն. Նիկոլ Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ գազալցակայաններում ու ամենուր տեղադրած խաղային ապարատները պետք է դուրս բերվեն:
«Սա պետք է անել շատ արագ ու շատ վճռական: Փողոցային թակարդների՝ բուքմեյքերական գրասենյակների և այլն պետք է հնարավորինս տրամաբանական ձևերով գործունեությունը սահմանափակվի», - ասաց վարչապետը:
Նրա խոսքով՝ ռազմավարական առումով պետք է բացառել այն իրավիճակը, որ մեր երկրում տնտեսական ակտիվության շատ լավ ցուցանիշ կա. «Ուզում ենք հասկանանք այդ ցուցանիշը, պարզվում է՝ ոչ մի բան տեղի չի ունեցել, պարզապես տեղի է ունեցել Աշխարհի առաջնություն ու մեր երիտասարդությունն այդ օրերին զբաղված է եղել խաղադրույքներ անելով ու, բնականաբար, պարտվելով»:
Նա ընդգծեց՝ այս խնդիրները քննարկման արդյունքում պետք է անհապաղ լուծել: