21/09/2018 13:55
Սա ձեր սելֆի-ժամը չէ, փրփուր-party չէ, ձեր ատամհատիկը չէ. Աշոտյանը վրդովված է կառավարության՝ ՀՀԿ-ին ուղարկած հրավերի ձևից
ՀՀԿ փոխնախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Աշոտյանին վրդովվեցրել է վարչապետի կողմից ուղարկված հրավերը՝ Անկախության տոնի առթիվ մասնակցելու պաշտոնական ընդունելության։
«Այսօր, Հայաստանի ամենակարևոր պետական տոնին, իշխանության ղեկին հայտնված մարդիկ կրկին ցույց են տալիս, որ չունեն պետականության ընկալում, չունեն դաստիարակության և բարեկրթության պատշաճ մակարդակ։
Ազգային Ժողովի պատգամավորներին այս կերպ հրավիրելով պետական տոնին՝ ապացուցում եք, որ շարունակում եք դասեր չքաղել սեփական սխալներից, դրսևորում եք պետական մտածելակերպի իսպառ բացակայություն։
Կրկին հիշեցնեմ, որ սա ձեր սելֆի-ժամը չէ, փրփուր-party չէ, ձեր ատամհատիկը չէ։ Հետո չզարմանաք, երբ սկսեք հնձել ձեր ցանածը։
Նորից շնորհավոր բոլորիս տոնը» , -Facebook-յան իր էջում գրել է Աշոտյանը՝ ներկայացնելով հրավիրատոմսը։
Աշոտյանը մեկնաբանություններում ներկայացրել է նաև հրավիրատոմսի այն ձևը, որով վարչապետի աշխատակազմը հրավիրել է մյուս հյուրերին։