23/09/2018 13:04
ՔՊ-ին պատկանող հանձնաժողովի անդամներից մեկը քարոզչություն է կատարել տեղամասում. Ահազանգ
Երևանի ավագանու ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող «Անկախ դիտորդ» դաշինքը Երևանի տարածքում ընտրությունների հետ կապված ահազանգեր է շարունակում ստանալ։
Ըստ ներկայացված ահազանգերի՝ Նոր Նորք վարչական շրջանում տեղակայված 2/4 ընտրատեղամասում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը պատկանող հանձնաժողովի անդամներից մեկը քարոզչություն է կատարել տեղամասում «Իմ քայլը» դաշինքի օգտին և հակաքարոզչություն իրականացրել ԲՀԿ-ի դեմ՝ բարձրաձայն քննարկելով ինչ-որ տեսանյութեր: Հանձնաժողովի նախագահը միջադեպը չի գրանցել, բայց դադարեցրել է հետագա քարոզչությունը:
Մեկ այլ ահազանգի համաձայն «Անկախ դիտորդ», դաշինքի դիտորդներն արձանագրել են, որ Շենգավիթի թիվ 75 դպրոցում տեղակայված 8/40 ընտրատեղամասի դիմաց առավոտյան ժամը 8:00-ից սկսած առանց պետհամարանիշերի սև գույնի մեքենա կա կայանած: Մեքենայի շուրջ հավաքված արական սեռի ներկայացուցիչները ցրվել են, երբ նկատել են դիտորդին, կարճ ժամանակ անց դարձյալ հավաքվել են: Երբ դիտորդն այդ մասին տեղեկացրել է հանձնաժողովի նախագահին, վերջինս դիտորդին նկատողություն է արել՝ ասելով որ նա իրեն սխալ է պահում և թույլ չի տալիս մարդկանց հանգիստ ընտրություն կատարել: Ավելին, շարունակական պնդումների դեպքում սպառնացել է արձանագրություն կազմել դիտորդի դեմ: