23/09/2018 09:59
Բոլոր ընտրատեղամասերը բացվել են ժամանակին, ընտրական հանձնաժողովներում բացակա անդամներ չկան. ԿԸՀ նախագահ
Չի եղել որևէ ընտրական հանձնաժողով, որտեղ բացակայություններով պայմանավորված հնարավոր չի եղել ապահովել քվորում և կազմակերպել քվեարկությունները, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ ներկայացնելով ընտրությունների ընթացքի մասին տեղեկություններ:
Նա տեղեկացրեց, որ այսօր առավոտյան ժամը 08։00-ի դրությամբ ըստ պատշաճի բացվել են բոլոր ընտրատեղամասերը և արտահերթ ընտրությունների քվեարկությունը մեկնարկել է ժամանակին։
«Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ցուցակներում ընդգրկված է 848 343 ընտրող, կազմակերպվել է 475 ընտրական տեղամասեր, սահմանված կարգով բացվել են տեղամասային կենտրոնները: Ընտրական հանձնաժողովների կազմերում ընդգրկված 4722 քաղաքացիներից չեն ներկայացել 31-ը, այդ թվում՝ երկու նախագահ, երեք քարտուղար», - նշեց Մուկուչյանը՝ ընդգծելով, որ այդուհանդերձ բոլոր տեղերը համալրվել են։
ԿԸՀ նախագահի ներկայացրած տվյալներով՝ տեղամասային կենտրոններում գրանցումը կիրականացվի 1380 տեխնիկական սարքավորումի միջոցով, իսկ նկատված առանձին խնդիրներն օպերատիվ կարգով շտկվում են: