25/09/2018 15:57
ԵՄ-ն ֆինանսական մեխանիզմ կստեղծի Իրանի հետ ամերիկյան պատժամիջոցների շրջանցմամբ գործարքներ իրականացնելու համար
Եվրամիությունը ֆինանսական մեխանիզմ կստեղծի Իրանի հետ ամերիկյան պատժամիջոցների շրջանցմամբ գործարքներ իրականացնելու համար: Այդ մասին ասված է ՄԱԿ-ի շրջանակում նախարարական հանդիպման արդյունքներով Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, ԵՄ-ի և Իրանի համատեղ հայտարարությունում:
«Մասնակիցները ողջունել են վճարումների պահպանման վերաբերյալ մարտավարական առաջարկները, մասնավորապես՝ Իրանի արտահանման, այդ թվում՝ նավթի, և ներկրման հետ կապված վճարումները հեշտացնելու համար հատուկ մեխանիզմի ստեղծման նախաձեռնությունը»,- ասված է հայտարարությունում, որն ընթերցել են եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին և Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:
Ինչպես պարզաբանել է Մոգերինին, Իրանի հետ գործարքները հեշտացնելու համար ԵՄ անդամ երկրները կստեղծեն իրավաբանական անձ:
«Դա թույլ կտա եվրոպական ընկերություններին աշխատել Իրանի հետ եվրոպական օրենքների համաձայն»,- հավելել է նա՝ ընդգծելով, որ մեխանիզմը նաև բաց կլինի այլ կողմերի համար:
Հանդիպման մասնակիցները նաև հանդես են եկել Իրանի հետ ֆինանսական գործարքների անվտանգ և օրինական միջոցներ ստեղծելու և իրանական նավթի արտահանումը պահպանելու օգտին: