25/09/2018 11:40
ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Սիրիայի իրադրությունը և առևտրի հարցերը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և Ֆրանսիայի նրա պաշտոնակից Էմանուել Մակրոնը քննարկել են միջազգային անվտանգության հարցերը, այդ թվում՝ Սիրիայի իրադրությունը, նաև առևտուրը Միացյալ Նահանգների և Եվրամիության միջև, ասված է երկու երկրների ղեկավարների հանդիպման արդյունքների վերաբերյալ սեպտեմբերի 24-ին Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
«Ղեկավարները քննարկել են մի ամբողջ շարք միջազգային հարցեր, այդ թվում՝ Սիրիայի իրադրությունը, դիմակայությունը Իրանից բխող սպառնալիքներին, նաև Միացյալ Նահանգների և Եվրամիության միջև առևտրի համար արդարացի պայմանների ստեղծումը: Նրանք նաև քննարկել են նոյեմբերին Փարիզ այցելելու և Առաջին աշխարհամարտի ավարտի հարյուրամյակին նվիրված արարողությանը ներկա լինելու նախագահ Թրամփի պլանները»,- նշվում է փաստաթղթում: Երկու երկրների ղեկավարները գտնվում են Նյու Յորքում՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում անցկացվող միջոցառումներին: