25/09/2018 14:28
Նախնական տվյալներով՝ պայթյունի պատճառ դարձած լիցաքավորվող բալոնը չի պատկանել ԲԿ-ին. Արման Հովակիմյան (Տեսանյութ)
Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի թթվածնային կայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացած տեխնիկ օպերատորը Վահրամ Գասպարյանն է, լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Հովակիմյանը:
«Նախնական տվյալներով՝ այդ աշխատակիցն այսօր աշխատանքի չպետք է լիներ: Նաև նախնական տվյալներով ՝այդ լիցաքավորվող բալոնը, որի պատճառով տեղի է ունեցել պայթյունը, չի պատկանել կենտրոնին», - նշեց նա:
Հովակիմյանի խոսքով՝ կայանն այս տարվա հուլիսին անցել է փորձաքննություն և դրական եզրակացություն ստացել, աշխատակցիները ևս ստացել են հավաստագիր այնտեղ աշխատելու համար:
Aysor.am-ի դիտարկմանը, թե ինչպե՞ս է հիվանդանոցին չպատկանող բալոնը հայտնվել կայանում, Հովակիմյանը նշեց.
«Կոնկրետ վարկածներ չեմ ուզում ասել, փորձաքննությունը ցույց կտա»:
Նա նաև նկատեց, որ պայթյունի հետևանքով կա մեկ վիրովոր, ով այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրա կյանքին վտանգ չի սպառնում: