25/09/2018 13:22
Բելգիայի վարչապետն անիրատեսական է համարել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությունը
Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը հանդես է եկել Թուրքիայի հետ Եվրամիության ռազմավարական համագործակցության օգտին՝ ներկայում «անիրատեսական» համարելով հանրակցությանը երկրի միանալը, հայտնել է Belga գործակալությունը:
«Այն, ինչն անհրաժեշտ է, ռազմավարական համագործակցությունն է», - ասել է Միշելը՝ ամփոփելով Նյու Յորքում ՄԱԿ-ի ասամբլեայի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կայացած հանդիպման արդյունքները:
Վարչապետի խոսքով՝ բանակցությունները «շատ ավելի շիտակ էին, քան ես ակնկալում էի», և «անհրաժեշտ է ավելի ակտիվորեն քննարկել մի շարք հարցեր և ավելի լավ համագործակցել»:
Միշելը և Էրդողանը ավելի քան մեկ ժամ քննարկել են Թուրքիայի աշխարհաքաղաքական դերը տարածաշրջանում, ահաբեկչության դեմ պայքարը, միգրացիայի խնդիրը, ԵՄ-ի հետ հարաբերությունները և իրավունքի գերակայության ու մամուլի ազատության հետ կապված իրադրությունն այդ երկրում: