25/09/2018 17:41
Նոր մանրամասներ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում այսօր տեղի ունեցած պայթյունից
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում այսօր տեղի ունեցած պայթյունի առնչությամբ ՀՀ առողջապահության նախարարությունը լրացուցիչ տեղեկություններ է հաղորդել։
«Պայթյունի հետևանքով տուժած Թ.Ա.-ն անցել է անհրաժեշտ հետազոտություններ: Ունի ձախ թևի թեթև վնասվածքներ: Ստանում է անհրաժեշտ բուժօգնություն:
Ինչ վերաբերում է հիվանդանոցի թթվածնի արտադրության կայանի անվտանգությանը, ապա տեղեկացնենք, որ այն ամենամյա պարտադիր փորձաքննությունն անցել է այս հունիսին և ունի 1 տարվա աշխատանքի դրական եզրակացություն: Կայանում արտադրության և աշխատակիցների անվտանգությանն առնչվող որևէ խնդիր չի եղել ու չկա. այն այս պահին էլ շարունակում է իր անխափան աշխատանքն ու հիվանդանոցին թթվածնի մատակարարումը:
Թթվածնի բալոնի պայթյունի պատճառը եղել է բացառապես լիցքավորվող բալոնի անհամապատասխանությունը կայանում լիցքավորման տեխնիկական պահանջ-պայմաններին: Բալոնը չի պատկանել բուժհաստատությանը, իսկ տվյալ բալոնի` կայանում հայտնվելու հանգամանքն ու պայթյունի պատճառները և հանգամանքները ճշտվում են ոստիկանության կողմից:
ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնի թթվածնի արտադրության կայանում թթվածնի բալոնի պայթյունի հետևանքով մահացել է նույն արտադրամասի տեխնիկ-օպերատորը»,-նշված է ԱՆ հաղորդագրությունում։