01/10/2018 20:25
Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը Հայաստանում կհայտարարվի սգո օր. ՀՀ վարչապետ (Տեսանյութ)
Մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը Հայաստանում կհայտարարվի սգո օր, այս մասին Ազնավուրի անվան հրապարակում կազմակերպված հիշատակի արարողությանը մասնակցելուց հետո լրագրողների հետ կարճ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի շրջանակում պլանավորվում էր նրա հետ հանդիպում, բայց, ցավոք, չհաջողվեց», - ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Շառլ Ազնավուրը կմնա որպես մեծ երգիչ, ազգային հետրոս. «Համաշխարհային արվեստի պատմության մեջ իր տեղն ունի և իր տեղը դեռ շատ երկար կպահպանվի»:
Ինչ վերաբերում է Շառլ Ազնավուրի հուղարկավորության վայրին, ապա Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս հարցում շատ կարևոր է Ազնավուրի ցանկությունը, նաև՝ նրա ընտանիքի որոշումը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ըստ ֆրանսիական ԶԼՄ-ների՝ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը, ամենայն հավանականությամբ, հուղարկավորվելու է Փարիզից ոչ հեռու գտնվող Մոնֆոր Ամորի համայնքի գերեզմանատանը: