05/10/2018 17:51
Զոհված զինծառայողին վիրավորանք հասցնելու կասկածանքով ձերբակալվել է վաշտի հրամանատարը
Շարքային Գևորգ Հարոյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով կատարված բազմակողմանի քննության արդյունքում տվյալներ են ձեռք բերվել՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ կրտսեր սերժանտի կողմից Գ.Հարոյանի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ, հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 4-րդ մասով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Բացի այդ, իշխանության անգործություն ցուցաբերելու, ինչպես նաև զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ժամկետային զինծառայող, շարքային Գ.Հարոյանին վիրավորանք հասցնելու կասկածանքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասով, ձերբակալվել է վաշտի հրամանատար կապիտանը:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: