06/10/2018 13:21
Ազգային ժողովի նախագահն ու ՀՀ ոստիկանապետը շփվել են աշխատանքային ռեժիմով. Պարզաբանում
Հոկտեմբերի 2-ի երեկոյան Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը և ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը շփվել են աշխատանքային ռեժիմով, Aysor.am-ին ասաց ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետ Կնյազ Սարոյանը:
«Իրավիճակը եղել է հետևյալը. երեկոյան Ազգային ժողովի տարածքում բջջային կապը խափանված է գործել, ոստիկանապետն էլ տարածքում շրջելիս է եղել։ Համացանցում առկա բազմաթիվ տեսանյութերից էլ դա երևում է։ Այդ պահին, երբ Ազգային ժողովի նախագահը զանգահարել է ոստիկանապետին, չի հաջողվել կապ հաստատել, վերջինս անհասանելի է եղել։ Ավելի ուշ արդեն պարոն Օսիպյանը հետադարձ զանգ է կատարել, կապ է հաստատել ԱԺ նախագահի օգնականի հետ, քանի որ այդ պահին պարոն Բաբլոյանը քննարկումների է եղել և չի կարողացել պատասխանել», - ասաց Կ.Սարոյանը:
Նրա խոսքով՝ քննարկումներից անմիջապես հետո ԱԺ նախագահի և ոստիկանապետի միջև կապ է հաստատվել:
«Պարոն Օսիպյանը ԱԺ նախագահին տեղեկացրել է, որ գտնվում է տարածքում, տիրապետում է իրավիճակին։ Հետագա ամբողջ ժամանակահատվածում ԱԺ նախագահը և ոստիկանապետը շարունակել են կապի մեջ լինել», - Aysor.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետ Կնյազ Սարոյանը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ «Հրապարակ»-ը գրել էր, որ ոստիկանապետը չի պատասխանել ԱԺ նախագահի զանգերին հոկտեմբերի 2-ի արտահերթ նիստի ժամանակ, երբ բազմություն էր հավաքվել ԱԺ դարպասների մոտ: