07/10/2018 13:11
Հարություն Ղարագյոզյանը սպանել է Կարո Կարապետյանին վարչապետի նվիրած Պիետրո-Բերետտա ատրճանակով
Նորք-Մարաշի հացատներից մեկում, որտեղ սպանվել է նախկին պատգամավոր Կարո Կարապետյանը, հայտնաբերվել էր ատրճանակ։
Ոստիկանության հաղորդմամբ, նշված ատրճանակը պատկանում է նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանին։
«Նա նշված Պիետրո–Բերետտա ատրճանակով պարգևատրվել է ՀՀ վարչապետի որոշումով 2001 թվականի մարտի 22-ին։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Քննությունը շարունակվում է», - նշել են ոստիկանությունից։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) սպանության մեջ կասկածվող ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ) հայտնաբերվել է մահացած:
«Հ.Ղարագյոզյանի դին հայտնաբերվել է Զովունիում գլխի շրջանում հրազենային վիրավորումով։ Հայտաբերվել է նաև ատրճանակ», - Aysor.am-ին ասաց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։
Ըստ նախնական վարկածի՝ նա ինքնասպանություն է գործել։
Aysor.am-ի տեղեկություններով, երկու նախկին գործընկերների մեջ գույքային վեճ է եղել։
Վեճը հարթելու համար նրանք հանդիպել են Նորք-Մարաշում գտնվող «Այգիներ» ռեստորանային համալիրում։ Հանդիպմանը եղել է նաև երրորդ կողմ, որը, ենթադրվում է, պետք է կարգավորեր ծագած վեճը։
Հիշեցնենք՝ Նորք-Մարաշում «Այգիներ» ռեստորանային համալիրում կրակոցների հետևանքով վիրավորում ստացած ևս մեկ մարդ հոսպիտալացվել է Երևանի «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։