10/10/2018 18:19
Հանդիպել են Նիկոլ Փաշինյանը և Արա Բաբլոյանը. նրանք քննարկել են նաև արտահերթ ընտրությունների հարցը
Հոկտեմբերի 10-ին կայացել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական աշխատանքային հանդիպումը, տեղեկացնում են ԱԺ լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի, ի թիվս օրակարգային մի շարք հարցերի` խորհրդարանի ղեկավարն ու վարչապետն անդրադարձել են նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը:
Կողմերը մասնավորապես վերահաստատել են նախկինում հնչեցրած իրենց այն դիրքորոշումը, որ բոլոր գործընթացները պետք է ընթանան բանակցությունների և փոխհամաձայնության ճանապարհով:
Աշխատանքային հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հոկտեմբերի 29-30-ը Երեւանում կայանալիք ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և վեհաժողովի լիագումար նիստերի աշխատանքների կազմակերպմանն առնչվող հարցերին:
Ազգային ժողովի նախագահը վարչապետին տեղեկացրել է, որ այդ նպատակով հոկտեմբերի 12-ին հանդիպում է ունենալու ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է, որ ակտիվորեն մասնակցելու է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և վեհաժողովի երեւանյան լիագումար նիստերին: