10/10/2018 11:24
Հայկ Մարության. Ամբողջ ավագանու կազմը դիտարկում եմ որպես մեկ մարմին և չեմ տարբերակում ըստ խմբակցությունների
Մեկնարկել է Երևանի ավագանու անդրանիկ նիստը։
Նիստի օրակարգում ընդգրկված է 5 հարց։
Քննարկվելու են ժամանակավոր հաշվիչ հանձնաժողով ձևավորելու, Երևանի քաղաքապետի երդման արարողության հետ կապված կազմակերպչական, հանձնաժողովներ կազմավորելու, հանձնաժողովների նախագահներ և նրանց տեղակալներ առաջադրելու հարցերը։
Նիստը վարող Լիլիթ Պիպոյանը հայտարարեց. «Հիմք ընդունելով, որ Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով «Իմ քայլը» դաշինքը ստացել է ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ուստի Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 44-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ «Իմ քայլը» դաշինքի ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող Հայկ Մարությանը օրենքի ուժով համարվում է Երևանի ընտրված քաղաքապետ»։
«Բոլորս միասին ունենք պատմական հնարավորություն ի կատար ածել այն բոլոր եռրազանքները, որ տարիներ շարունակ ունեինք։ Վստահ եմ, որ այս ավագանու կազմով, անկախ կուսակցական պատկանելությունից, կանենք այնպես, որպեսզի երևանցիներն ամեն օր ու ամեն ժամ ժպտան։ Կարևորում եմ այս պահը, որ ամբողջ ավագանու կազմը դիտարկում եմ որպես մեկ մարմին և չեմ տարբերակում ըստ խմբակցությունների», - հայտարարեց Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը։
Նա ավագանու անդամներին խնդրեց ուշադիր լինել Երևանի բոլոր խնդիրներին, բոլոր ահազանգերին անհապաղ արձագանքել և լուծումներ տալ դրանց։