10/10/2018 12:25
Թող որքան հնարավոր է, շուտ լինեն ընտրությունները, թեկուզ՝ հին Ընտրական օրենսգրքով. Թևան Պողոսյան
Քաղաքագետ Թևան Պողոսյանը խնդիր չի տեսնում, եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ հրաժարական տա և վարչապետի պաշտոնակատարը դառնա առաջին փոխվարչապետը։
«Ոչինչ մի երկու շաբաթ էլ վարչապետի պաշտոնակատար կկոչենք առաջին փոխվարչապետին։ Նիկոլ Փաշինյանը այն դուխով քաղաքական գործիչներից է, որ խնդիր չի տեսնում և ասում է, որ պատրաստ է հավասար պայքարի մեջ մտնել մյուս ուժերի հետ։ Բոլորս պետք է պատրաստ լինենք Հայաստանում ընտրական գործընթացները այնպես տանել, որ ամեն ինչ համապատասխանի օրենքներին», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Պողոսյանը։
Նա վստահություն հայտնեց, որ երկրում խորհդրարանական ընտրությունները կանցնեն ազատ ու արդար, և մարդիկ հնարավորություն կստանան ազատ արտահայտել իրենց կամքը։
Ինչ վերաբերում է Ընտրական փոփոխված օրենսգրքի ընդունմանը, Պողոսյանն ասաց, որ իր համար կարևոր է ավելի շուտ ընտրություններն անցկացնելը, թեկուզ՝ հին Ընտրական օրենսգրքով. «Ես կողմ եմ, թող որքան հնարավոր է, շուտ կայանան ընտրությունները»։
Ավելին, նրա խոսքով, կարևոր չէ նույնիսկ Ընտրական հին օրենսգրքի ռեյտինգային համակարգը, երբ նախկինում խորհդրարան մուտք գործելու հնարավորություն ստացան օլիգարխները։ Այդ պարագայում, ըստ Պողոսյանի. ընտրողները պետք է փոխեն իրենց վարքագիծը և գումարի դիմաց ընտրություն չկատարեն. «Այնպիսի իրավիճակ պետք է ձևավորենք, որ բիզնես աշխարհի մարդիկ գնան իրենցով զբաղվեն։ Թող չընտրի հանրությունը այդ մարդկանց, նաև պետք է այնպես անել, որ այդ մարդիկ չմտածեն խորհրդարանում հայտնվելու մասին»։